Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց՝ քրեական հանցագործի դեմ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

image_750x_6634706a2a472

«Հրապարակ»-ի զրուցակիցը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն է։

- Տավուշում իրականացվող միակողմանի զիջումների դեմ դուրս եկած ժողովրդական շարժումն իրավապահ համակարգը բիրտ ուժով ճնշում է, բերետավորները չեն խնայում ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին։ Ինչո՞ւ են այդքան դաժան ոստիկանները ժողովրդի դեմ։

- Պարզ ասեմ․ ես այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության ամենադաժան ոստիկաններից մեկն եմ եղել ժամանակին, դուք՝ բոլորդ գիտեք, բայց իմ դաժանությունը եղել է քրեական հանցագործների դեմ, սեփական ժողովրդի դեմ, որն իր տան համար կռիվ կտար, ես երբեք չեմ դրսեւորել։ Իսկ այսօրվա ոստիկանության աշխատանքի արդյունքը ոստիկանապետի կույր նվիրվածությունն է Նիկոլ Փաշինյանին։

- Համակարգի շարքային աշխատողների վարքն ինչո՞վ կարելի է բացատրել, չէ՞ որ նրանց դիմաց սեփական ժողովուրդն է կանգնած, հասարակ գյուղացին։

- Համակարգում աշխատող թողե՞լ են, ես նայում եմ՝ պետեր կային, որոնք իմ օրոք օպեր էլ չէին լինի։ Հիմա նոր սերունդ է՝ նոր մտածելակերպով, պարգեւավճարներով։

- Առանձնահատուկ դաժանությամբ են ճնշում ժողովրդական ընդվզումը, ոչ մեկին չեն խնայում, անգամ՝ անչափահասներին։

- Ես ապշած եմ, ես սարսափած եմ, ես իմ մտքի ծայրով, անգամ եթե ցանկանայի, ասենք, ավազակապետի, մարդասպանի, հղի կնոջ սպանության գործով հանցագործի նկատմամբ անգամ այդ դաժանությամբ ես չէի վարվի։ Ես ապշած եմ, նորմալ մարդկային ուղեղում այդ ընկալումը չի տեղավորվում՝ մարդն իր տան համար կռիվ է տալիս, էդ մարդուն ասում են՝ դու քո տան համար կռիվ մի տուր։ Մարդն ուզում է իր ստեղծածը պահել։

- Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իրենց վարքը մեկ բանով են բացատրում՝ հրաման ենք կատարում։

- Ես էլ եմ շատ հրամաններ կատարել, բայց շատ հրամաններ էլ չեմ կատարել, որոնք ապօրինի են եղել։ Նիկոլը որ վարչապետ դարձավ, ասում էր, թե Թամամյանն ինձ ծեծեց, ես փախա, հեռախոսս կորավ, լավ է, որ կորավ, ինձ չգտան հեռախոսի միջոցով․․․ Ի՞նչ է նշանակում ապօրինի հրաման, նրանք իրավաբաններ չեն, դրածոներ են։ Եթե մարդն օրենքը չգիտի՝ որն է կարելի, որը՝ ոչ, ինչի՞ մասին է խոսքը։

- Սահմանազատման անվան տակ ի՞նչ է կատարվում մեր սահմաններին։ 

- Թույլի ու ուժեղի պատմությունը գիտե՞ք․ թույլը ենթարկվում է, ուժեղը կարգադրում է։ Հայաստանը չի թույլը, Հայաստանի գործող իշխանավորներն են թույլը։

- Ի՞նչ եք կարծում՝ համակարգի պրոֆեսիոնալները, երկար տարիներ ճանապարհ անցած մարդիկ ինչո՞ւ են լռում։

- Ես չգիտեմ, ամբողջ պաշտպանության նախարարության գեներալներ կոչվածներից խիստ վիրավորված եմ։ Պահի տակ ուզում եմ հրաժարվել իմ գեներալի ուսադիրներից, նվիրեմ եսիմում․․․ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Ղարաբաղում ինչքան գեներալներ կային, Հայաստանի Հանրապետությունում 90 թվականից առայսօր քանիսը կան։ Պաշտոնական տեղեկություն է, եթե հարցում անեք ՊՆ, կասեն, թե քանի գեներալ կա։ Գոնե նրանք, բազմապատկած չորսով՝ իրենց ընտանիքների անդամներով, որ կանգնեն, ինչ-որ քվորում կապահովեն, չէ՞։

- Սա անտարբերությո՞ւն է, թե՞ հարմարվողականություն։

- Չէ, երեւի ժամանակին շատ են լափել, ուզում են լափածը պահել։

- Այսպես ո՞ւր ենք հասնելու։

- Անորոշ, այսօր` անորոշ, մյուս օրն էլ՝ անորոշ։

- Ոստիկանական համակարգի ներկայացուցիչներին կոչ ունե՞ք ուղղելու։

- Ես ասել եմ: 4 տարի առաջ եմ ասել՝ Վահե Ղազարյանին կալանավորելու են, Նիկոլն էլ փախչելու է։ Ես կոչ անելու բան չունեմ, խոսքը մեկ անգամ են ասում։

- Իսկ շարքային ոստիկաննե՞րը։

- Այսօր շարքային ոստիկան չկա, բիզնես է, պարգեւավճար ստանում են՝ ցուցումը կատարում։

- Կանգ առնելու, սթափվելու ժամանակ ունե՞նք։

- Չէ, գայթակղությունը շատ վատ բան է, եթե մարդը փողով գայթակղվում է, այդպես էլ շարունակելու է։ Ափսոսում եմ, որ դարեր շարունակ ունեցել ենք հայ ազգի պատմություն, վեհություն, պետականություն, առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք ու այսօր խղճուկ, նվաստացած, նողկալի վիճակում ենք։ Այսքան նսեմացված հնարավոր չէ պատկերացնել։ Եթե սրբազանը որեւէ մեկին նզովյալ է ասում, արդեն պարզ է, թե ինչ վիճակում ենք։

--00—ՅՄ