Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

11/08/2025 21:58 Տարածաշրջան

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի միջև: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կալլասը փոխանցել է իր շնորհավորանքները՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարման համատեղ կոչի, ինչպես նաև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ:

Նշվել է, որ այդ համաձայնագրերը կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար։ Կայա Կալասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի առաջմղմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: