Վրաստանը պատրաստ չէ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այդ էլ հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ելքը խաղաղ ճանապարհն է, հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք պատրաստ չենք դրան (չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը – ՏԱՍՍ-ի նշում): Սա մեզ համար լուրջ չէ, ինչ վերաբերում է չհարձակմանը: Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան. տարածքային ամբողջականությունը վերականգնելու միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է: Մենք սա հայտարարում ենք, և որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Կոբախիձեն։
Վրացական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պաշտոնական Թբիլիսին չի պլանավորում ուղիղ երկխոսություն վարել Սուխումի և Ցխինվալիի հետ և մտադիր չէ ճանաչել նրանց անկախությունը։
–00—ՅՄ