Թուրքերի 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

«Research Istanbul» հետազոտական ընկերությունը հուլիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցում է անցկացրել Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ի պատասխան «Արդյո՞ք Թուրքիան պետք է ստեղծի միջուկային զենք» հարցին՝ մասնակիցների մեծամասնությունը՝ 71 տոկոսը, տվել է «այո» պատասխանը։ Հարցման մասնակիցների 18 տոկոսը տվել է բացասական պատասխան, իսկ մնացյալ 11 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին՝ այդ մասին հստակ դիրքորոշում չհայտնելով:
Նշվում է նաև, որ նույն սոցհարցման շրջանակներում պարզվել է, որ ՆԱՏՕ-ն մեծամասամբ հավատ չի ներշնչում Թուրքիայի հասարակությանը։ Հարցվածների 72 տոկոսը չի հավատում այն գաղափարին, որ Թուրքիայի վրա որևէ հարձակման դեպքում այդ ռազմական դաշինքը կպաշտպանի իրենց երկիրը:
Նշենք, որ Թուրքիան 1979-ից ի վեր «Միջուկային զենքերի տարածումը կանխելու հանաձայնագրի» կողմ է և այդպիսով չի կարող արտադրել, ձեռք բերել և կամ փորձարկել միջուկային զենք, քանի որ այն հակասում է օրենքին: Այն խախտելու դեպքում երկիրը կարող է հայտնվել պատժամիջոցների, ինչպես նաև դիվանագիտական մեկուսացման մեջ: