Իրանի և Թուրքիայի ՊՆ նախարարների հեռախոսազրույցը․ անվտանգության տարածաշրջանային հարցերն են քննարկել

14/07/2025 19:59 Տարածաշրջան

Տեղի է ունեցել Իրանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց: Ըստ տեղեկության, որ հայտնում է թուրքական մեդիան, երկու պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ, ինչպես նաեւ պաշտպանության ու անվտանգության տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Հիշեցնեմ, որ հուլիսի 9-ին՝ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ բանակցության նախօրեին, տեղի էր ունեցել Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց:

Թուրքիայի եւ Իրանի նախարարների հեռախոսազրույցը կարող էր անշուշտ ներառել նաեւ հարցեր, կապված հայ-ադրբեջանական օրակարգի հետ, հատկապես հաշվի առնելով դրա շուրջ վերջին ինտենսիվ զարգացումները:

Այս հարցում իհարկե կա տարածված տեսակետ, որ Իրանը թուլացած է: Սրա համար հիմք է ծառայում այն, որ Իրանը անուղղակիորեն թուլացել է Սիրիայում նահանջից եւ Լիբանանում, Հըզբոլլահի պարտությունից հետո, ինչպես նաեւ Իսրայելի անմիջական հարվածների հետեւանքով: Կարծում եմ այստեղ պատկերը սակայն հարաբերական է, եւ ընդհանրական գնահատական տալ այդ ամենին, թերեւս այդքան էլ ճիշտ չէ:

Այո, Սիրիայում եւ Լիբանանում նահանջը Իրանի համար շոշափելի է, բայց դրա փոխարեն Թեհրանը թերեւս կարողանում է իրականացնել իր ռեգիոնալ ռազմա-քաղաքական դերակատարման այսպես ասած որակական փոփոխություն, թերեւս նաեւ նոր իրողությունների պայմաններում «օպտիմալացնելով» իր կարողությունները:

Ի դեպ այս համատեքստում ես արդեն իսկ ուշադրության եմ արժանացրել Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերության հանգամանքին, որում տեղի են ունենում իրապես հիմնարար փոփոխություններ, ընդ որում շատ արագ: Համենայն դեպս, երեք-չորս տարի առաջ այս երկրների միջեւ չկար հարաբերություն, իսկ այժմ նրանք միմյանց հասցեին շռայլում են շատ ջերմ խոսքեր: Էր Ռիյադը դատապարտելով Իսրայելի հարձակումը, Իրանը բնութագրել էր «եղբայրական պետություն»: Իսկ օրեր առաջ Իրանի ԱԳ նախարարը բավականին ներկայացուցչական հանդիպումներով այց կատարեց Ռիյադ, ընդհուպ բանակցելով արքայազն Սալմանի հետ:

Ավելին, Իսրայելի սանձազերծած պատերազմի պայմաններում Իրանը խորքային առումով պարտադրեց պատերազմի դադարեցում, նախ չքանդվելով արտաքին ու ներքին խորքային հարվածի հետեւանքով, իսկ հետո իսկապես ազդեցիկ հարվածներ հասցնելով Իսրայելին:

Այնպես որ, կարծում եմ գնահատելով իրավիճակը տեղեկատվական պատերազմներից դուրս, թերեւս հարկ է արձանագրել՝ Իրանը ռազմավարական խորքի իմաստով ունի թերեւս ավելի ամուր դիրքեր, քան նախկինում: Հնարավոր է, որ այդուհանդերձ տեղի ունեցող տրանսֆորմացիան ազդում է Իրանի օպերատիվ ռազմա-քաղաքական դիվանագիտական կարողությունների վրա, բայց հազիվ թե այնքան, որ Թեհրանն ի վիճակի չլինի սկզբունքորեն պաշտպանել իր համար կարմիր գծեր:

Հարցը տվյալ դեպքում այն է, որ ինքնին Իրանի «կարմիր գիծ» հասկացությունը, ինչպես ցանկացած մեծ տերության կամ ռեգիոնալ տերության, չի կարող որեւէ փոքր պետության համար՝ այդ թվում հատկապես Հայաստանի տիպի պետության, լինել աներեր հենարան: Որովհետեւ մեծերի եւ փոքրերի «կարմիր գծերը» անհամեմատելի մեծություններ են: Մեծերի կարմիր գծերի մոտ փոքրերինը՝ կարմիր կետ է: Իսկ, կարմիր գիծը մի կետ երկար, թե կարճ, մեծ խաղացողների համար ընդամենը օպերատիվ նշանակության հարց է բոլոր դեպքերում:

–00—ՍՊ