Մենք կարող ենք ստեղծել տարածաշրջանային ինտեգրման հաջողված մոդել․ Իրանի նախագահ

27/06/2025 21:18 Տարածաշրջան

Մենք կարող ենք ստեղծել տարածաշրջանային ինտեգրման հաջողված մոդել։ Հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը՝ տեսակապով ելույթ ունենալով Բելառուսում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստին։

Դիմելով Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին՝ Իրանի նախագահն ընդգծել է․ «Երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքների զարգացումն ու արդիականացումը, օդային տրանսպորտի ուժեղացումը, համատեղ հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը և իրանական նավահանգիստների ներուժի օգտագործումը միության անդամ երկրները համաշխարհային շուկաներին միացնելու համար մեր օրակարգում է»։

Հայտարարվել է, որ էներգաարտադրողների և սպառողների միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում էներգետիկ ցանցերի միացումը հանդիսանում են հիմնական առաջնահերթություններից մեկը:

Իրանի նախագահը եզրափակել է․ «Փոխգործակցելով և միմյանց վստահելով՝ մենք կարող ենք ստեղծել տարածաշրջանային ինտեգրման հաջող մոդել և այս պատմական հնարավորությունը վերածել համատեղ աճի շրջադարձային պահի: Ապագան պատկանում է այն ժողովուրդներին, որոնք միասին առաջ են շարժվում»։

—00—ՍՊ