ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ավիահարվածները մեկանգամյա են, և դրանք նպատակ չունեն իրանական քաղաքական համակարգի փոփոխության։
Հաշվի առնելով Թրամփի քաղաքական ձեռագիրը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, ընդհուպ հասնելով Իրանում իշխանության փոփոխության։
Վերջին օրերին ակտիվացել է ԱՄՆ-ում Իրանի նախկին միապետի որդին, ով կոչ է անում ԱՄՆ-ին, Իսրայելին և իրանցիներին հասնել իշխանության փոփոխության։ Հետաքրքիրն այն է, որ իրեն Իրանի գահաժառանգ համարողը իրանցիների, զոհերի ու երկրի կորուստների համար ունի զրոյական սրտացավություն, ինչը խոսում է վերջինիս մարդկային և ազգային որակների մասին։
Իրանը հիմա կանգնած է շատ կարեւոր ջրբաժանի առաջ` դիմադրել կամ համաձայնվել ԱՄՆ պահանջներին։ Ընդ որում, դիմադրությունը նշանակում է պատային (ցուկ-ցվանգ) վիճակի ստեղծում։ Այդպիսի վիճակ այս պայմաններում կարող է լինել այնպիսի զենքի փորձարկումը, որն անիմաստ կդարձնի Իրանի դեմ հարձակումները։
Այսպիսի սցենար արդեն իսկ քննարկվում է իրանական տեղեկատվական հարթակներում, և եթե իրապես Իրանը ունի հնարավորություն, ապա հիմա իսկը ժամանակն է…»։