Ինչ հետևանքներ կբերի Հորմուզի նեղուցի փակումը

22/06/2025 19:53 Տարածաշրջան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։

Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քալին։ Այժմ, Մեջլիսի կողմից որոշումն ընդունելուց հետո մնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որոշումը, որը կլինի վերջնական։

Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել`
Հորմուզի նեղուցի փակումը, որը տնտեսական և լոգիստիկ լրջագույն խնդիրներ կառաջացնի, թանկացնելով հատկապես նավթի գները,
Միջուկային զենքի ստեղծումն ու հաջող փորձարկումը, որը կդարձնի անիմաստ հակամարտության ակտիվ փուլը այն իմաստով, որ կողմերը կամ պետք է մտնեն միջուկային պատերազմի մեջ, կամ որոշեն բանակցել։

Ենթադրյալ միջուկային պատերազմը արդեն իսկ կնշանակի Իսրայելի լիակատար ոչնչացում, հաշվի առնելով Իսրայելի տարածքը, իսկ Իրանի դեպքում հսկայական տարածքներ ունեցող երկիր է, որը այս դեպքում առավելություն կարելի է համարել։

Ասել է թե միջուկային պատերազմը լրիվ անիմաստ ու կործանարար կլինի, ինչի համար էլ կարծում եմ, որ բանը դրան չի հասնելու»։

—00—ՍՊ