Ինչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը 24 ժամում․ համեմատական վերլուծություն

14/06/2025 10:13 Տարածաշրջան

Իրանի տարածքին Իսրայելի հարվածների, ապա նաև Իսրայելին Իրանի հարվածների հետևանքով գրանցվել են մարդկային զոհեր, արձանագրվել են մեծ թվով վիրավորներ, ռազմական ենթակառուցվածքներ են հիմնովին վերացել կամ վնասվել։

24 ժամվա ընթացքում կորուստների վերաբերյալ համեմատական վերլուծությունը ներկայացնում ենք ստորև․

Իրանի կորուստները (իրանական աղբյուրներով)՝

Ըստ պետական և կիսապաշտոնական իրանական աղբյուրների՝ զոհվել է առնվազն 78 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք Թեհրանում, Սպահանում, Նաթանզում և այլ վայրերում։ Վիրավորվել է 329-ից ավելի մարդ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում։

Զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ։ Հաստատվել է նաև առնվազն 6 միջուկային գիտնականների մահը, այդ թվում՝ Ֆերիյիդուն Աբբասին և Մուհամմադ Մեհդի Թերանչին։

Վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ, միջուկային օբյեկտներ և անօդաչու սարքերի արտադրական կենտրոններ։

Իսրայելի կորուստները (արևմտյան աղբյուրներով)՝ Իրանի հարվածներից հետո Իսրայելը զոհերի մասին չի հայտնել, սակայն կան 5-ից 41 վիրավորներ՝ կախված աղբյուրից։

Հրթիռներից մեկը վնասել է բնակելի շենք Թել Ավիվում, վնասվել են ավտոմեքենաներ և հիվանդանոցային շինություններ։ Մի քանի դպրոց և քաղաքացիական հաստատություն ժամանակավորապես փակվել են։ «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը խոցել է հարյուրավոր հրթիռներ՝ կանխելով զանգվածային ավերածություններ։ ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է հետախուզական և տեխնիկական աջակցություն։

 

–00—ԱՊ