Թուրքիայում ակցիա է իրականացվել Մեծամորի ատոմակայանի փակման կոչով

02/06/2025 12:25 Տարածաշրջան

Հունիսի 1-ին Թուրքիայում թվով 33 շրջակա միջավայրի և մարդու իրավունքների կազմակերպություններ Իգդիրում ակցիա են իրականացրել, որտեղ հանդես են եկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ԱԷԿ փակման կոչով։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ը, չնայած շահագործման ժամկետը լրանում է 2025-ին, դեռևս ակտիվ գործում է։

Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Մեծամորի ԱԷԿ-ն այսօր աշխարհում առկա կայանների մեջ ամենառիսկային տեխնոլոգիան ունի։ Այդ կայանը հատկապես մեր Իգդիրի նահանգի շրջակա միջավայրին և մարդկային առողջության վրա շատ բացասական է ազդում։ Դիմում ենք ԱԷԿ-ներով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը․ Փակե՛ք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ և Ֆուկուշիմա։ Այս կայանի փակման համար մեր երկրի համապատասխան մարմիններն անհապաղ պետք է գործի անցնեն։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվել»։

Նրա նշմամբ՝ Իգդիրն այժմ շատ է վնաս կրում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով։ Այս շրջանում քաղցկեղի դեպքերն շատ են աճել, աղքատ մարդիկ չեն կարողանում բուժվել և լեյկեմիայով երեխաների ծնունդների աճ կա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումները։ Բացի այդ, նշել են, որ չեն ցանկանում, որ ո՛չ Աքքույուում, ո՛չ Սինոպում և ո՛չ էլ Իղնեադայում ԱԷԿ-ներ կառուցվեն։

Հարկ է նշել, որ Թուրքիան մշտապես հանդես է գալիս Մեծամորի ատոմակայանի փակման կոչերով, պատճառաբանելով, որ այն «սպառնալիք» է հանդիսանում  ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։

–00–ԱՀ