Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Մայիսի 15-ին տեղի ունեցած նախորդ նիստում ներկայացվել էին, իբր, «Կուբաթլուի և Զանգիլանի գրավման ժամանակ նկարահանված կադրեր»։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանն էլ դիմել էր դատարանին՝ նշելով, որ նա հիվանդության պատճառով շարունակական բուժում է ստանում և, հետևաբար, խնդրել է փոխարինել իրեն։

Դավիթ Բաբայանը նշել է, որ ինքը չի առարկում փաստաբանի փոխարինմանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ նիստն էլ նշանակված է մայիսի 20-ին։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 20-ին։

–00–ԱՀ