Թուրքիան ու ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացումը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կողմերը կրկին հաստատել են իրենց հանձնառությունը ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, ամերիկյան ու թուրքական պատվիրակությունները հանդիպել են ապրիլի 28-ին Անկարայում։ Բանակցություններում շեշտադրվել է համագործակցությունը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կողմերը, ինչպես վերջերս փոխադարձաբար արտահայտվել է ամենաբարձր մակարդակով, քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2026-ին ԱՄՆ-ում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը օրերս ուշադրություն էր հրավիրել ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման աճի վրա: 2025-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 72%-ով՝ կազմելով 1.7 մլրդ դոլար:
00—ՍՊ