Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ընդունել է, որ երկրում բնակվում է 4 մլն 33 հազար փախստական, որից 2.7 միլիոնը սիրիացիներ են:Ստամբուլում «Թուրքիայի միգրացիայի կառավարման ծրագրի» շրջանակներում Էրդողանը մեղադրել է արևմտյան տերություններին միգրացիոն ճգնաժամը հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը չարաշահում է միգրացիայի թվերը՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Ըստ նրա՝ «այնպիսի միգրանտների թիվ, ինչպիսին պնդում են ընդդիմադիր շրջանակները», Թուրքիայում չկա և երբեք չի եղել:
Էրդողանը նշել է, որ վերջին ժամանակներում միգրանտների թիվը նվազման միտում ունի. վերջին երկու տարում 270 հազար անձի ապօրինի մուտքը երկիր կանխվել է, իսկ Սիրիա վերադարձողների ընդհանուր թիվը հասել է 931.450-ի։ Իսկ աշխարհում միգրանտների ընդհանուր թիվը գերազանցում է 281 միլիոնը: Նա շեշտել է, որ քանի դեռ պատերազմները չեն ավարտվել, միգրացիան շարունակելու է աճել:
Էրդողանը հավելել է, որ թեև մարդասիրական նկատառումներով շարունակում է աջակցել միգրանտներին, այնուամենայնիվ դա չի լինելու երկրի անվտանգության ու ժողովրդագրական կառուցվածքի հաշվին։
–00—ՍՊ