110 տարի է անցել ինքնության, կրոնական ցեղասպանությունից. թուրքական կուսակցություն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։
«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության դիմելն անփոխարինելի քայլեր են միմյանց և անցյալը հասկանալու, անկեղծ մոտեցմամբ պատմական վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար։
Կուսակցությունը շեշտել է հայ ժողովրդի հետ խաղաղության և հավասարության մեջ ապրելու կարևորությունը, ինչպես նաև նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային և մշակութային հարաբերությունների զարգացումը կլինի քայլ երկու ժողովուրդների բարօրության և Կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։ «Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք 110-ամյա ցավն ու սուգը, մեր սրտերի խորքում զգում ենք այն մեծ մարդկային ողբերգությունը, որը վերապրվել է, և կրկին տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ գործընթացում իրենց կյանքը կորցրածներին»,- ասվում է քրդամետ կուսակցության հայտարարության մեջ: