Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Հունիսի 20-ին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։ Գործակալության տվյալներով՝ սա Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ընթացքում արձանագրված արդեն 20-րդ նման դեպքն է։
ԱԷԿ-ի միակ հասանելի արտաքին էլեկտրահաղորդման գծի՝ «Ֆերոսպլավնայա-1»-ի անջատման պատճառը կայանի ներքին էլեկտրահաղորդման գծերում առաջացած խնդիրն է եղել, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը։
Միաժամանակ ավտոմատ կերպով գործարկվել են վթարային դիզելային գեներատորները՝ ռեակտորի ակտիվ գոտու սառեցման և միջուկային անվտանգության մյուս կարևոր համակարգերի աշխատանքը ապահովելու համար։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ հերթական անջատումը կրկին ընդգծում է ԱԷԿ-ի էլեկտրացանցի հետ կապի ամրապնդման կենսական կարևորությունը՝ միջուկային վթարի կանխարգելման նպատակով։
Եվրոպայի ամենախոշոր ատոմային էլեկտրակայանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, ռուսական զորքերի վերահսկողության տակ է գտնվում 2022 թվականի գարնանից։ Պատերազմող կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են կայանի ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ։
—00—ՍՊ