Թեհրանը պնդում է, որ ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի․ Արաղչի
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թեհրանը պնդում է, որ ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք ուրանի հարստացման հարցում և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք», -իրանցի նախարարի խոսքերը մեջբերվում են նրա պաշտոնական Telegram-ալիքում։
Նախարարը շեշտել է նաև, որ Իրանը շեշտը դնում է դիվանագիտության և բանակցությունների վրա։ «Եթե նրանք ընտրեն դիվանագիտությունը, մենք նույն ճանապարհով կանցնենք։ Եթե նրանք հարգալից խոսեն Իրանի ժողովրդի հետ, մենք հարգալից կպատասխանենք, բայց եթե նրանք օգտագործեն ուժի լեզու, մենք կպատասխանենք ուժով», – հայտարարել է Արաղչին։