«Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»․ Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին

17/09/2025 17:09 Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախկինում արված հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ քաղաքը միայն Իսրայելին է պատկանում, այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Ձեր քաղաքը չէ, մերն է, և միշտ էլ մերն է լինելու։ Երուսաղեմն այլևս երբեք չի բաժանվելու»։

Նեթանյահուն գովեստով հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։

Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է նաև, որ իր ղեկավարության օրոք Իսրայելը երբեք չի ընդունի  պաղեստինյան անկախ պետության ստեղծումը։

«Նրա այս հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իսրայելի կառավարության կոշտ դիրքորոշումը պաղեստինյան հարցում»,- գրում է թուրքական աղբյուրը։

Հիշեցնենք, որ Էրդողանը 2020 թվականին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության և կարևորության մասին մուսուլմանական աշխարհի համար։

–00—ՅՄ