Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական գյուղեր և ձերբակալել 4 քաղաքացու

17/09/2025 14:22 Միջազգային

Իսրայելական ուժերը սեպտեմբերի 17-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջանի երեք գյուղ և մի քանի տներում խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալել են չորս քաղաքացու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։Բացի այդ, Դարաայի և Կունեյտրայի նահանգներում նկատվել են ցածր բարձրությամբ թռիչքներ իրականացնող իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարքեր։

Սիրիան բազմիցս դատապարտել է Իսրայելի հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել դրանք կանխելու համար։Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդում է, որ Իսրայելը Սիրիային առաջարկ է ներկայացրել, որը նպատակ ունի փոխարինել 1974 թվականի անջատման համաձայնագիրը։Համաձայն առաջարկի՝ նախատեսվում է սիրիական կողմում բուֆերային գոտու ընդլայնում երկու կիլոմետրով, որտեղ արգելվում է ռազմական ուժերի կամ ծանր զենքի առկայություն և թույլատրվում է միայն ոստիկանության և ներքին անվտանգության ուժերի տեղակայումը։

Բացի այդ, առաջարկվում է սահմանել արգելված թռիչքային գոտի սիրիական ինքնաթիռների համար: Դրա դիմաց Իսրայելն առաջարկում է աստիճանաբար դուրս գալ Սիրիայում վերջին ամիսներին զբաղեցրած տարածքներից՝ պահպանելով իր ռազմավարական դիրքը Հերմոն լեռան գագաթին։

Ըստ հրապարակման՝ Սիրիան դեռ չի արձագանքել այս առաջարկին, որը ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։

Ըստ հրապարակումների՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

—00—ՄԱ