Բելառուսը վավերացրել է տեղական ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցության մասին արձանագրությունը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատ) վավերացրել է Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքացիների հավասար իրավունքների մասին 1998 թ. դեկտեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Փոփոխությունների վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է 2025 թ. մարտի 13-ին Մոսկվայում:
Այն նախատեսում է, որ ՌԴ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Բելառուսում, կստանան իրավունք ընտրելու և ընտրվելու տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ):
Ավելի վաղ Ռուսաստանի ՏԻՄ ընտրությունների հետ կապված նման հնարավորություն են ստացել Բելառուսի այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանում:Ինչպես Ներկայացուցիչների պալատի նիստում հայտնել է Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Սերգեյ Լուկաշևիչը, հանրապետության Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ երկրում նման ընտրական իրավունք ունի մոտ 100 000 ռուսաստանցի:
Նրա խոսքով՝ 2024 թվականին Բելառուսում տեղական պատգամավորների խորհուրդներում ընտրվել է Ռուսաստանի 15 քաղաքացի։
Դիվանագետը նաև հրապարակել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությունը, որի համաձայն՝ հանրապետության ավելի քան 25 000 քաղաքացի պաշտոնապես բնակվում է Ռուսաստանի տարածքում։
«Արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ այդ փաստաթուղթը կնպաստի մեր ժողովուրդների մերձեցմանը, պետական, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում գործուն ինտեգրման ապահովմանը», – հավելել է Լուկաշևիչը:
—00—ՄԱ