Հութիները հայտարարել են ԱԹՍ-ներով Իսրայելի տարածքը թիրախավորելու մասին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հութիները Իսրայելի տարածքի ուղղությամբ ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով չորս անօդաչու թռչող սարք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։Եմենի հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերից երեքը թիրախավորել են Ռամոն օդանավակայանը, իսկ չորրորդ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Նեգև շրջանում գտնվող ռազմական թիրախ։
Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակակետին՝ հավելելով, որ այն իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության և սովի հանցագործությունների։
Իսրայելի բանակը հայտարարել է Վադի Արաբա շրջանում Եմենից արձակված անօդաչու թռչող սարք որսալու մասին։ Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ՝ տագնապի ազդանշաններ են լսվել Ռամոն օդանավակայանում, որի հետևանքով ժամանակավորապես փակվել է օդանավակայանի օդային տարածքը, հետագայում այն վերաբացվել է։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Եմենի Հոդեյդա և Սանա քաղաքների վրա։Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելում տարբեր շրջանների թիրախավորումներն ի աջակցություն Պաղեստինի՝ պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։
—00—ՄԱ