Բուխարեստում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն

14/09/2025 23:28 Միջազգային

Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք են հայտնել սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու ենթադրյալ դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է «Ռումինիայի ինքնիշխանության խախտում» և պահանջել է «միջոցներ ձեռնարկել»՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ «ռուսական անօդաչու թռչող սարքի՝ երկրի օդային տարածք ներթափանցման հետևանքով առաջացած միջադեպի գնահատական» վերնագրով։ Այնտեղ պնդում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի օդային տարածքում գտնվել է 50 րոպե, ապա լքել այն՝ ուղղվելով դեպի Ուկրաինա:

Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ և Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ բարձրացել են օդ՝ տարածքում օդային իրավիճակը վերահսկելու համար։

–00—ՅՄ