ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելում կքննարկի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու նպատակով հասցված հարվածները

14/09/2025 15:08 Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Իսրայել՝ քննարկելու Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու նպատակով  Իսրայելի հասցրած հարվածի և Գազայում պատերազմի դադարեցման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ռոյթերզ»-ը,  մինչև մեկնելը Ռուբիոն լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն  դժգոհ է այդ հարվածների կապակցությամբ։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները դրանից  չեն տուժի, բայց  իսրայելցիների հետ կքննարկվի, թե ինչպես է հարվածն ազդելու նախագահ  Թրամփի ջանքերի վրա՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին վերադարձնելու, զինյալներից ազատվելու և Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Մենք կհանդիպենք նրանց հետ։ Կխոսենք այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռևս կան 48 պատանդներ, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Եվ այս ամենի ավարտից հետո դեռ կա Գազան վերակառուցելու դժվարին աշխատանք այնպես, որ մարդկանց տրամադրվի իրենց ցանկալի կյանքի որակը»,- ասել է նա։

Նշվում է, որ Ռուբիոյի այցը տեղի է ունենում ընթացիկ ամսվա վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպումներից առաջ, որտեղ սպասվում է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կճանաչեն Պաղեստինի պետականությունը, մի քայլ, որին Իսրայելը դեմ է:

Վաշինգտոնը պնդում է, որ նման ճանաչումը կամրապնդի ՀԱՄԱՍ-ին, իսկ Մարկո Ռուբիոն ենթադրել է, որ այդ քայլը կարող է խթանել Արևմտյան ափի անեքսիան, որին ձգտում են Իսրայելի կառավարության արմատական անդամները:

–00—ՅՄ