Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա վեց ամսից ավելի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Նեպալի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվում է վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, երկրում իշխանության չի մնա վեց ամսից ավելի, հայտարարել է հանրապետության վարչապետի պաշտոնակատար, Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին՝ պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո։
Կարկին վստահեցրել է, որ իր կառավարության լիազորությունները ժամանակավոր են։ «Ես և իմ թիմը այստեղ չենք եկել իշխանություն վայելելու համար։ Մենք այստեղ վեց ամսից ավելի չենք մնա։ Մենք լիազորությունները կփոխանցենք նոր խորհրդարանին», – ասել է նա՝ վստահեցնելով, որ ժամանակավոր կաբինետը մտադիր է պատասխանատվության ենթարկել անկարգությունների և հարձակումների համար պատասխանատուներին, որոնց հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել։
Կարկին շուտով կհայտարարի իր կաբինետի կազմը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դրա մեջ կներառվի մոտ 15 մարդ։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի մարտի սկզբին։
–00—ՅՄ