Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահը նշանակվել է կառավարության ժամանակավոր ղեկավար
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին սեպտեմբերի 12-ի երեկոյան պաշտոնապես ստանձնել է Կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Կարկիի թեկնածությունն առաջադրել են ցուցարարները։ Hindustan Times-ի բնութագրմամբ՝ նա հայտնի է որպես կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող գործիչ, ինչը նրան մեծ հեղինակություն է բերել հատկապես երիտասարդների շրջանում, որոնք հանդիսանում են բողոքի շարժման հիմնական ուժը։
Բողոքի ցույցերը Նեպալում սկսվել են սեպտեմբերի 8-ին այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և մի շարք այլ սոցիալական հարթակներ։
Արգելափակման պաշտոնական պատճառաբանությունը եղել է այդ ընկերությունների՝ երկրում գրանցվելու պահանջին չհամաձայնելը։
Ավելի վաղ նույն պատճառով Նեպալում արգելափակվել էր TikTok-ը, սակայն այն տնօրինող ByteDance ընկերությունը համաձայնել էր պահպանել տեղական օրենսդրությունը, ինչի արդյունքում ծառայությունն ապաբլոկավորվել էր։Ցուցարարները բողոքի գործողությունների ընթացքում հրկիզել են կառավարական շենքեր, կուսակցական գրասենյակներ և քաղաքական գործիչների նստավայրեր։ Ցույցերի ֆոնին Նեպալի վարչապետը հրաժարական է տվել։
—00—ՄԱ