ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

10/09/2025 16:48 Միջազգային

Եվրամիությունը խոստանում է Ուկրաինային տրամադրել 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում ԵՄ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով:

«Մենք կարող ենք օգտագործել մեր արդյունաբերական հնարավորությունները՝ աջակցելու Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի այս պատերազմում…. Ուստի ես կարող եմ նաև հայտարարել, որ Եվրոպան Ուկրաինային կտրամադրի 6 միլիարդ եվրո՝ որպես ռազմական վարկ և կստեղծի անօդաչու թռչող սարքերի մշակման դաշինք Ուկրաինայի հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ միջոցները կտրամադրվեն Մեծ յոթնյակի երկրների կողմից առաջարկված ERA (Extraordinary Revenue Acceleration) արտակարգ վարկային մեխանիզմի շրջանակներում՝ 50 միլիարդ դոլար ընդհանուր գումարի չափով: Այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը սպասարկվում են Արևմուտքում սառեցված Ռուսաստանի սուվերեն ակտիվներից ստացվող եկամուտների հաշվին:

–00—ՅՄ