Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին սեպտեմբերի 8-ին խորհրդարանում վստահության քվե չստանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ելիսեյան պալատից հաղորդել են AFP գործակալության թղթակիցները։
Մակրոնի գրասենյակից հայտնել էին, որ նա նկատի է առել խորհրդարանի քվեարկության արդյունքները և առաջիկա օրերին նոր վարչապետ կնշանակի։ Բայրուն ինքն էր նախաձեռնել իրեն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը։
Դրա միջոցով նա փորձում էր հստակեցնել քաղաքական ուժերի վերաբերմունքն իր տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Նա առաջարկում էր տնտեսումների միջոցով կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը՝ նախատեսելով պետական ծախսերը կրճատել 44 միլիարդ եվրոյով։
Բայրուին անվստահություն են հայտնել ձայների 364-194 հարաբերակցությամբ։Ֆրանսուա Բայրուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը 9 ամիս։
—00—ՄԱ