Ռուսական հարվածի հետևանքով Դոնեցկի մարզում կա առնվազն 20 զոհ. Զելենսկի

09/09/2025 15:05 Միջազգային

Դոնեցկի մարզի Յարովայա բնակավայրում ավելի քան 20 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ռուս զինվորականները, ենթադրաբար, ավիառումբ են կիրառել։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հարվածը անվանել է «դաժան»։ Զելենսկին նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են գետնին ընկած մի քանի զոհվածների մարմիններ, վնասված մեքենա և հարվածի այլ հետևանքներ։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ զոհվել են խաղաղ բնակիչներ, իսկ հարվածը տեղի է ունեցել կենսաթոշակների բաշխման ժամանակ։

Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հաստատել է, որ զոհվել են խաղաղ բնակիչներ և Ռուսաստանի գործողությունները անվանել է «ահաբեկչություն»։

Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան նույնպես պահանջել է «վճռական պատասխան»՝ դիմելով ոչ միայն Եվրոպայի և Միացյալ Նահանգների երկրներին, այլև «Մեծ քսանյակի» երկրներին, որոնց թվում են հիմնականում չեզոք պետություններ, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։

–00—ՅՄ