Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

09/09/2025 13:35 Միջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ  ռուսաստանցի զինվորականները սեպտեմբերի 8-ի երեկոյից և սեպտեմբերի 9-ի գիշերը 84 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։Զանգվածային հարվածի է ենթարկվել Զապորոժիեն։ Մեկ տուն լիովին ավերվել է, մյուսը՝ կրել վնասներ։

Բռնկվել է հրդեհ։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ գիշերը  31 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի հինգ տարածաշրջանների, Ղրիմի և Սև ծովի օդային տարածությունում։

Ըստ Կրասնոդարի նահանգապետի՝ Սոչիի Ադլերի շրջանում զոհվել է մեկ տղամարդ. ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նրա վարած մեքենայի վրա։ Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ ուկրաինական հարվածներից հետո մարզում նավթաբազա է այրվել, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Հարվածների պատճառով գիշերը ժամանակավորապես փակվել է Տամբովի օդանավակայանը։

Լիպեցկում հայտարարվել է «օդային վտանգի ռեժիմ»։Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա էր գրոհել ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքերով. ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գործի են դրվել 810 ԱԹՍ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։ Առաջին անգամ հարվածի է ենթարկվել նաև կառավարական շենք։

Կիևում երեք մարդ զոհվել է մասնակիորեն փլուզված 9-հարկանի շենքում, իսկ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։

—00—ՄԱ