ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել Գազայի հարցով շուտափույթ բանակցություններ սկսել
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
«Մենք միջնորդների միջոցով ամերիկյան կողմից ստացել ենք որոշ գաղափարներ՝ հրադադարի համաձայնագրի հասնելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը նաև նշել է, որ «ողջունում է անկլավում ագրեսիայի դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»։
Շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակման հարցը՝ պատերազմի ավարտի վերաբերյալ հստակ հայտարարության, Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման և անկախ պաղեստինցիներից Գազայի հատվածը կառավարելու կոմիտե ստեղծելու դիմաց, որը անմիջապես կսկսի գործել:
ՀԱՄԱՍ-ը նաև նշել է երաշխիքների անհրաժեշտության մասին, որով Իսրայելը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որպեսզի չկրկնվեն նախկինում մերժված կամ չեղյալ հայտարարված համաձայնագրերի փորձը:
Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ՀԱՄԱՍ-ն ընդունի Գազայի հատվածում հակամարտության կարգավորման իր պայմանները և ընդգծել էր, որ սա «վերջին նախազգուշացումն» է։
—00—ԼԱ