Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով երեկ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, գրում է.
«Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության ճանապարհը փակվեց ոչ միայն Հնդկաստանի, այլև Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է Մոսկվայի և Նյու Դելի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում․
«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում»:
Չնայած Չինաստանը բացահայտորեն սատարում էր Ադրբեջանի անդամակցությանը, Ռուսաստանի և Հնդկաստանի համատեղ քայլը փաստում է, որ Բաքվի միջազգային հավակնությունները բախվում են լուրջ դիմադրության։
Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին, որը դրսևորվում է արդեն միջազգային կազմակերպությունների մակարդակում։
Հայաստանի համար սա կարող է ստեղծել նոր դիվանագիտական պատուհաններ․ ուժերի վերադասավորման պայմաններում Երևանը հնարավորություն է ստանում իր շահերը առաջ մղելու թե՛ ՇՀԿ-ում, թե՛ այլ բազմակողմ հարթակներում»։
—00—ԼԱ