Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը

05/09/2025 15:57 Միջազգային

Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։

Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։

«Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը և որոնց հիշողությունները հավերժ են»,-նշել է նա։

–00—ՅՄ