Վրաստանի նախագահը ներում է շնորհել երկու ընդդիմադիր առաջնորդներին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Միխեիլ Կղավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Կղավելաշվիլին համապատասխան հայտարարությունը տարածել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին։ Կղավելաշվիլին նշել է, որ Խազարաձեն և Ջափարիձեն մի շաբաթ առաջ մերժել են ներում շնորհելու իր առաջարկը։
Չնայած դրան, նրա խոսքով՝ որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մրցակցային միջավայրում անցկացնելու և գործընթացի արդարության վերաբերյալ որևէ կասկած չթողնելու համար։
«Որպեսզի ոչ ոք նույնիսկ հիմք չունենա ասելու, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում, ես որոշում եմ կայացրել ներում շնորհել երկու դատապարտված անձանց՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին»,- գրել է Կղավելաշվիլին։
Հիշեցնենք. «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ձերբակալվել են հունիս ամսին։ Երկու քաղաքական գործիչներին էլ դատարանը մեղավոր է ճանաչել ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։
Տեղական և միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է նրանց ձերբակալությունը և կոչ է արել անհապաղ ազատ արձակել։
—00—ՄԱ