ՌԴ-ն Զելենսկուն Մոսկվա է հրավիրել զրուցելու, ոչ թե կապիտուլյացիայի. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով, սակայն նման հնարավորության բացակայության դեպքում կշարունակի ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջ է շարժվում, «թունելի վերջում լույս կա», բայց դեռ վաղ է խոսել դրա ավարտի ժամկետների մասին։
Պեսկովն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Մոսկվա հրավիրելու նախաձեռնությանը, որն ուկրաինական կողմը մերժել էր։
«Նրան հրավիրել են զրուցելու, ոչ թե կապիտուլյացիայի», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր զրույց առայժմ չի նախատեսվում․ Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ շուտով կզրուցի Կրեմլի ղեկավարի հետ։
Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցները հեշտ չեն անցնում, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը:
«Դրանք սովորական զրույցներ չեն։ Յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը։ Բայց Պուտինը բարձր է գնահատում դա։ Նա շնորհակալ է Թրամփին դրա համար», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը բարձր է գնահատում նախագահ Թրամփի ջանքերը, ինչպես նաև «իրենց հարաբերությունների կառուցողական բնույթը»։
Ըստ նախագահի խոսնակի՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն շփումներ են իրականացնում տարբեր ուղղություններով՝ Կրեմլի և Սպիտակ տան միջև, հատուկ ծառայությունների միջև, բայց «առայժմ դա չի հանգեցրել մեր բոլոր կապերի համալիր աշխուժացման»։
—00—ԼԱ