Թրամփը Պենտագոնին հանձնարարել է վերակառուցել զինված ուժերը՝ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին

03/09/2025 19:00 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին վերականգնել երկրի զինված ուժերը և ռազմական ոգին՝ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում։

«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունն ավելի է մերձեցրել Ռուսաստանին և Չինաստանին։ Դա սարսափելի զարգացում է, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ», – ասել է Հեգսեթը։

«Ահա թե ինչու նախագահ Թրամփը մեզ՝ Պաշտպանության նախարարությանը, հանձնարարել է պատրաստ լինել՝ վերակառուցելու մեր զինված ուժերը պատմական ձևով, վերականգնելու մեր ռազմական ոգին և վերականգնելու զսպումը ոչ այն պատճառով, որ մենք հակամարտության ենք ձգտում, դա այդպես չէ, և մենք հստակ ենք եղել այս հարցում Չինաստանի, Ռուսաստանի և մյուսների հետ, այլ որովհետև պատրաստ լինելով՝ հնարավոր է կանխել (խմբ.՝ առճակատումը), ապահովել ամերիկացիների անվտանգությունը», – նշել է նա։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի իր ռազմական կարողությունները «տիեզերքում, երկնքում, ծովում, ջրի տակ», մասնավորապես հիշատակելով «Ոսկե գմբեթ» համակարգը, որը, նրա խոսքով, «Չինաստանը չի կարող կրկնօրինակել»։

Ռազմական զսպման հետ մեկտեղ, ըստ Հեգսեթի, կկիրառվի նաև դիվանագիտություն։

«Նախագահ Թրամփը հիանալի հարաբերություններ ունի նախագահ Սի Ծինփինի հետ, և նա կօգտագործի դրանք՝ համատեղ աշխատելու ուղիներ գտնելու հույսով», – եզրափակել է նա։

—00—ԼԱ