Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո

03/09/2025 18:10 Միջազգային

Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի կամրջից 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ երեկ կապ է հաստատել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։
«Քանի որ ընտանիքի բոլոր անդամներին զանգահարում է, շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում, ասում է, որ լավ է, այդքանը՝ ուրիշ տեղեկատվություն չունենք»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Դստեր խոսքով, միայն ձայնային հեռախոսակապի միջոցով են շփվում։ Խաչատրյանների ընտանիքին, ինչպես մյուս բոլոր գերեվարված անձանց հարազատներին, խիստ մտահոգում է Ադրբեջանում միջազգային կառույցի փակման լուրը, բայց և նշում են ցավով, որ ոչինչ անել չեն կարող։

«Բնականաբար, խոսակցություն ունեցել ենք Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակման վերաբերյալ, բայց քանի որ ոչ մի բան չենք կարող փոխել, ի՞նչ կարող եմ ասել։ Շատ լավ գիտեք, քանի տեղ ենք դիմել, երևի գոյություն չունի մի տեղ, որ չենք դիմել»,- 24News-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօրվանից Ադրբեջանի կառավարության որոշմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ահազանգել էր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։
Իրավապաշտպանի խոսքով, գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Սահակյանը, առանց անուններ հնչեցնելու, տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ