Իսրայելի ուժերը ներխուժել են Սիրիա. ձերբակալել են 7 մարդու

03/09/2025 14:41 Միջազգային

Իսրայելի ուժերը սեպտեմբերի 3-ի լուսաբացին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի նահանգի բնակավայրերից մեկը, խուզարկել մի քանի տներ և ձերբակալել 7 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

5 մեքենայից և 30 հոգուց բաղկացած պարեկախումբը գիշերը ժամը 3։00-ի սահմաններում ներխուժել է Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայր, այնուհետև ժամը 5:00-ին դուրս եկել այնտեղից։

Ավելի վաղ իսրայելական ուժերն արկեր էին արձակել Կունեյտրայի նահանգի Բուրեյկա բնակավայրի մոտակայքում գտնվող տարածքների ուղղությամբ։ Նրանք նաև ներխուժել էին  մի քանի գյուղեր՝ այնտեղ անցակետ տեղադրելով և խուզարկելով մի քանի տներ:

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ Ըստ հրապարակման՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Սիրիան դատապարտել է այս կրկնվող հարձակումները՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են կայունության հասնելու ջանքերին և համարվում են միջազգային իրավունքի և անջատման համաձայնագրի կոպիտ խախտում։

Սիրիական իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել իսրայելական հարձակումները կանխելու համար։

—00—ԼԱ