Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

28/08/2025 15:26 Միջազգային

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ազգային պաշտպանության նախարարությունում հանդիպել է այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ»,- նշվել է գրառման մեջ։

Տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ։

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր Ումերովի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: