Վիետնամում և Թաիլանդում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ

27/08/2025 19:11 Միջազգային

Առնվազն ինը մարդ է զոհվել Հարավարևելյան Ասիայի այն հատվածներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով, որտեղ ուժեղ անձրևներ են տեղացել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Կաջիկի» փոթորիկը մի քանի օր մոլեգնում է Վիետնամի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Փոթորիկը խլել է յոթ մարդու կյանք և տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Իշխանությունների տվյալներով՝ թայֆունը վնասել կամ պոկել է մոտ 9000 տան տանիքներ։ Ջրհեղեղները ողողել են ավելի քան 3000 շենքեր։ Վնասվել են բրնձի դաշտեր։ Մոտ 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է քշվել։

Իսկ Թաիլանդում մի քանի մարդ վիրավորվել է երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով: Չիանգ Մայ քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ զոհվել է: Շատ տներ փլուզվել են ջրհեղեղի պատճառով: Թագավորության ութ նահանգներում տուժել է ավելի քան 180 ընտանիք:

Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով ծովերի տաքացումը կհանգեցնի նրան, որ Հարավարևելյան Ասիայում ցիկլոնները կձևավորվեն ցամաքին ավելի մոտ, ավելի արագ կուժեղանան և ավելի երկար կտևեն։