Քաբուլում ավտոբուսի շրջվելու հետևանքով 25 մարդ է զոհվել

27/08/2025 14:24 Միջազգային

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում գտնվող Արղանդի շրջանում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով առնվազն 25 մարդ զոհվել, ևս 27-ը վիրավորվել է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Pajhwok Afghan News-ից, այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Աբդուլ Մաթին Քանեն հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի գիշերը, ժամը 2:00-ի սահմաններում, երբ ավտոբուսը Արղանդիի Բրեդագի հրապարակի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել վարորդի անփութության պատճառով:

Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը և շտապօգնության ծառայությունները արագ արձագանքել են՝ վիրավորներին տեղափոխելով հիվանդանոցներ։

Ավելի վաղ Աֆղանստանի Հերաթ նահանգում ուղևորատար ավտոբուսը հրդեհվել էր բեռնատարի հետ բախվելուց հետո, որի հետևանքով զոհվել էր 79 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։