Հայաստանը չէր համաձայնում խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների հետ․ Բայրամով

26/08/2025 16:35 Միջազգային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը նշանակալի իրադարձություն են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը հասել է իր տրամաբանական ավարտին․ «Մեր արտաքին քաղաքականության արդյունքում հակամարտության կարգավորումը լիովին համապատասխանում է ազգային շահերին։ Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Ադրբեջանը թույլ չի տվել օկուպացիայի օրինականացում», – ասել է Բայրամովը։

Բայրամովը հիշեցրել է, որ մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը չէր համաձայնում խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների հետ․ «Հայաստանը մերժում էր հատկապես այն կետերը, որոնք վերաբերում էին դատարաններում հայցերի հետկանչմանը և սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը։ Սակայն Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը վերահաստատում է Ադրբեջանի խաղաղ օրակարգը», – ընդգծել է նա։

—00—ՄԱ