Ուկրաինայում հայտարարել են, որ պատրաստ են Զելենսկու և Պուտինի միջև բանակցությունների ցանկացած ձևաչափ

26/08/2025 14:59 Միջազգային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ղեկավարների մակարդակով Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ցանկացած վայրում։

«Ես հաստատել եմ Ուկրաինայի պատրաստակամությունը՝ ձեռնարկելու խաղաղության տանող հետագա քայլեր: Մենք պատրաստ ենք հանդիպումների ղեկավարների մակարդակով՝ ցանկացած ձևաչափով և աշխարհագրական ցանկացած կետում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա X-իր միկրոբլոգում՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների  և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցներից հետո։

Օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ Ռիչարդսոն ռազմակայանում տեղի է ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության մեջ Պուտինը հայտնել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը դարձել է գագաթնաժողովի հիմնական թեման: Օգոստոսի 18-ին Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ: ԱՄՆ-ի ղեկավարը նաև զանգահարել է Պուտինին: Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը և Թրամփը հավանություն են տվել Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ  խորհրդակցությունների շարունակմանը, քննարկվել է նաև բանակցությունների մակարդակը բարձրացնելու գաղափարը։ 

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների, հաղորդել է, որ Սպիտակ տունը Հունգարիան և Շվեյցարիան դիտարկում է որպես հնարավոր վայրեր Պուտինի և Զելենսկու հանդիպման, ինչպես նաև Թրամփի մասնակցությամբ հետագա եռակողմ գագաթնաժողովի համար: