Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում հիվանդանոցի թիրախավորումը

26/08/2025 12:20 Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին հասցված հարվածները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական ցանցում Կատարի էմիր Թամիմ ալ-Թանիի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես հենց նոր խոսեցի Կատարի էմիրի հետ։ Մենք քննարկեցինք Գազայում տիրող դրամատիկ իրավիճակը։ Բնակչությանը սովի մատնելը հանցագործություն է, որը պետք է անհապաղ դադարեցվի։ Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի նոր հարվածները բազմաթիվ քաղաքացիական անձանց և լրագրողների մահվան պատճառ են դարձել։ Սա անընդունելի է. քաղաքացիական անձինք և լրագրողները պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում։ Լրատվամիջոցները պետք է կարողանան ազատորեն և անկախ կերպով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուսաբանելով հակամարտության իրական իրավիճակը։ Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի։ Մենք կոչ ենք անում Իսրայելին հարգել միջազգային իրավունքը», – նշել է Մակրոնը գրառման մեջ։

Նա նաև ասել է, որ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է Կատարի հետ մշտական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության զանգվածային մատակարարման և երկարաժամկետ քաղաքական լուծման, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ուղղությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ