Իրանի դեսպանը վտարվել է Ավստրալիայից

26/08/2025 10:43 Միջազգային

Ավստրալիան երկրում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին հայտարարել է անցանկալի անձ, իսկ Իսլամական Հանրապետությունում Ավստրալիայի դեսպանատունը դադարեցնում է իր գործունեությունը անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ Ավստրալիայի հետախուզության՝ Իրանը «կանգնած է Ավստրալիայում հրեական համայնքի դեմ հակասեմիթական հարձակումների հետևում»։ Իրանը, ենթադրաբար, ներգրավված է Մելբուռնի սինագոգի և Սիդնեյի ռեստորանի վրա հարձակումներում։ «Կասկած չկա, որ ավստրալական հողի վրա ագրեսիայի այս կոպիտ և վտանգավոր գործողությունները, որոնք գլխավորում է մեկ այլ պետություն, անցել են սահմանը։ Հետևաբար, Իրանի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ», – ասել է Վոնգը։

Դիվանագետի խոսքով, Սադեղին և իրանցի ևս երեք ներկայացուցիչներ պետք է լքեն Ավստրալիան յոթ օրվա ընթացքում։ Նախարարը շեշտել է, որ Կանբերրան մտադիր է պահպանել «որոշակի դիվանագիտական ​​կապեր» Իրանի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ մեկ այլ երկրի դեսպան է արտաքսվում Ավստրալիայից։ Թեհրանում գտնվող ավստրալիացի դիվանագետները նախկինում տարհանվել են «երրորդ երկրներ»։

–00—ՅՄ