Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական մի քանի բնակավայրեր

22/08/2025 14:34 Միջազգային

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի և Դարաայի նահանգների մի քանի բնակավայրեր՝ իրականացնելով խուզարկություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Օգոստոսի 22-ի լուսաբացին օկուպացված Գոլանի բարձունքներից Դարաայի շրջանի Աբդին քաղաք է մտել Իսրայելի բանակի վեց մեքենաներից բաղկացած պարեկախումբ։

Պարեկախումբը ձերբակալել է երեք երիտասարդի, որոնց ավելի ուշ ազատ է արձակել։Բացի այդ, իսրայելական չորս Hummer մակնիշի մեքենաներ ներխուժել են Կունեյտրայի նահանգի ալ-Աջրաֆ գյուղ, խուզարկել են գյուղի մի քանի տներ և ռազմական անցակետ տեղադրել գյուղի մուտքի մոտ։2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։

Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

—00—ՄԱ