Չեխիայի նախագահը հնարավոր է համարել չեխ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում

21/08/2025 14:31 Միջազգային

Չեխիայի նախագահ Պետր Պավելը հնարավոր է համարում չեխ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետր Պավելը հայտարարել է ČTK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։«Եթե Ուկրաինայում խաղաղապահ զորքեր տեղակայվեն, Չեխիան պետք է մասնակցի դրանց, քանի որ խաղաղության գործընթացի ակտիվ մասնակից է»,- նշել է նա։

Նախագահը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում համաձայնագրի շահերից ելնելով տարածքային զիջումներ, հավանաբար, տեղի կունենան, չնայած դրանք իրականում միջազգային իրավունքի խախտում են:«Ես չեմ համարձակվում գնահատել, թե ինչպիսին պետք է լինի տարածքային համաձայնագիրը, դա իրականում բացառապես Ուկրաինայի և Ռուսաստանի գործն է։ Մենք, հավանաբար, չպետք է խորհուրդ տանք, թե ինչը պետք է պահպանեն և ինչը պետք է թողնեն։

Դա, անկասկած, մեր լիազորություններից և իրավասություններից դուրս է», – նշել է պետության ղեկավարը։«Կա նաև գաղափար, որ շփման գծի երկայնքով կստեղծվի որոշակի ապառազմականացված գոտի։

Նման գոտին կենթարկվի ոչ միայն տեխնիկական, այլև ֆիզիկական վերահսկողության։ Հավանաբար, կլինի նաև միջազգային ուժերի որոշակի տեղակայում», – ասել է նախագահը։Պետր Պավելը դրական է համարել ԱՄՆ-ի մասնակցությամբ և Եվրամիության ներգրավմամբ հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցային գործընթացի սկիզբը:

Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը հիմնարար նշանակություն կունենա:«Այս պահին մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք բանակցությունների շարունակությունը», – նշել է նա։

—00—ՄԱ