Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ։
Բելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։
«Իրանը մեզ համոզում է, որ մենք ակտիվորեն օգտագործենք լոգիստիկ ուղղությունները Ռուսաստանով և Իրանով։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց։ Համոզում են, բայց դա առաջին հերթին մեզ է պետք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
—00—ՄԱ