Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազայի գրավման գործողությունը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը, սպասվում է պահեստազորայինների զորահավաք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
«Այս գործողությունն ավարտելուց հետո Գազան կփոխի իր նկարագիրը և այլևս այն տեսքը չի ունենա, ինչպիսին առաջ էր», – ասել է նա։Հաղորդվում է, որ գործողությունը ստացել է «Գիդեոնի կառքեր 2» անվանումը։
Օրեր առաջ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ կաբինետը հաստատել է Գազա քաղաքը գրավելու պլանները՝ չնայած մինչ այդ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր ամբողջ Գազայի հատվածի տարածքի վրա վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։Մի քանի երկիր, մասնավորապես, Եգիպտոսը և Կատարը, դատապարտել են Իսրայելի պլանները։ Անցյալ շաբաթ նրանք ՀԱՄԱՍ-ին ներկայացրել են 60 օր ժամկետով հրադադարի առաջարկ, որը պետք է հանգեցնի հակամարտության լիակատար դադարեցման։
Համաձայնագիրը նաև ենթադրում է 2023 թ. հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների մի մասի դիմաց։ՀԱՄԱՍ-ը համաձայնել է այդ առաջարկին, սակայն Իսրայելը դեռևս չի պատասխանել։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է մոտ 50 պատանդ, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ է։ Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը, վիրավորների թիվը հասել է գրեթե 156 600-ի։
—00—ՄԱ