Հունգարիան և Շվեյցարիան դիտարկվում են որպես Ուկրաինայի շուրջ գագաթնաժողովի անցկացման վայրեր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Սպիտակ տունը Բուդապեշտը համարում է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ Հունգարիան Սպիտակ տան առաջին ընտրությունն է։ Օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել էր Մոսկվա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա Ժնևում։
Իր հերթին, CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, հաղորդել է, որ Սպիտակ տունը Հունգարիան և Շվեյցարիան դիտարկում է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի ապագա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետագա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայրեր:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահն անձամբ է քննարկել հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որը «թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի դաշնակիցն է»:
Աղբյուրներն ընդգծել են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և քննարկվում են զանազան տարբերակներ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցում հայտնել է, որ չի հաստատի և չի հերքի հնարավոր հանդիպման անցկացման որևէ վայր։
Թրամփն իր հերթին հայտնել է, որ ավելի լավ կլիներ, որ նախքան եռակողմ հանդիպումը տեղի ունենար Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպում։
–00—ԱՊ