Այսօր մենք կհասնենք բոլոր պայմանավորվածություններին․ Թրամփը՝ եվրոպական առաջնորդների հետ հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումն ավարտվել է։
Մեկնարկել է եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը։
Թրամփը Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ կողմերը կհանգեն լուծումների։ Նա վստահություն է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի մասնակցությամբ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, հարցը միայն դրա անցկացման ժամկետների մեջ է։
«Այսօր մենք կհասնենք բոլոր պայմանավորվածություններին», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից առաջ հաջող է անվանել Զելենսկիի հետ իր բանակցությունները․
«Մենք անդրադարձել ենք տարածքների հետ կապված բազմաթիվ հարցերի։ Ես նաև միջնորդավորված խոսեցի Պուտինի հետ։ Հնարավոր է՝ մենք եռակողմ հանդիպում կազմակերպենք», – ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկիի հետ բանակցությունների մասին։
Թրամփը հայտարարել է նաև, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպմանը կքննարկեն տարածքների հնարավոր փոխանակումը։
ԱՄՆ նախագահը ընդգծել է՝ հույս ունի ԵՄ ղեկավարների և Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։
Նա հավելել է՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ գագաթնաժողովում համոզվել է՝ ուկրաինական կարգավորումը հեշտ չէ, բայց լուծելի խնդիր է։
ԱՄՆ նախագահը ակնկալում է, որ Ռուսաստանը մի շարք դրական քայլեր կանի բանակցությունների հաջողության դեպքում։ Մասնավորապես, նա սպասում է, որ Մոսկվան կարող է անմիջապես Կիևին փոխանցել հազար գերի։
Թրամփը նաև ասել է, որ չի հավատում Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հետագա ագրեսիայի սպառնալիքին։
–00—ՍՊ