Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին, մենք չենք թերագնահատում որևէ հարց․ Բաղայի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին, մենք չենք թերագնահատում որևէ հարց, Tasnim-ը մեջբերում է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։
Նա նշել է, որ որոշ մեկնաբանություններ հիմնված են կեղծ տեղեկության վրա և կարող են ուղղված լինել Իրանի հարաբերությունների խզմանը Հարավային Կովկասի երկրների հետ։ «Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին պետք է մոտենալ զգուշորեն և նրբանկատորեն»։
«Հայաստանի իշխանությունները մեզ հստակ տեղեկացրել են, որ այս երկաթուղային գծի վերականգնումը կիրականացվի հայկական ընկերությունների և Հայաստանի օրենքներին համապատասխան գրանցված մեկ ամերիկյան ընկերության մասնակցությամբ, և սահմանների երկայնքով օտարերկրյա ուժեր չեն տեղակայվի։ Համաձայնագրի 12-րդ կետի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով օտարերկրյա ռազմական ներկայություն չի լինի։
Մենք խիստ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, և Հայաստանի Հանրապետությունը նույնպես գիտակցում է օտարերկրյա զորքերի ներկայության հետևանքները։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում Հարավային Կովկասի երկրների հետ և վստահ ենք, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են։ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղղությամբ և կաջակցի տարածաշրջանի կայունության ոը անվտանգության ամրապնդմանը նպաստող ցանկացած նախաձեռնության»։
—00—ՄԱ